Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբներն այսօր՝ ապրիլի 23-ին, վերսկսում են մարզումները՝ ՀՖՖ-ի և ՀՀ Պարետատան միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Ակումբներն արդեն անցել են համապատասխան թեստավորումն ու ընդգծում են՝ մարզումները վերսկսելու են հետևելով հակավիրուսային անվտանգության բոլոր կանոններին:
Այդուհանդերձ, բոլոր թիմերը չէ, որ հայտնել են COVID-19-ի թեստավորում անցնելու մասին: ԲԽ-ի թիմերից այս պահին թեստավորման մասին տեղեկացրել են «Լոռին», «Արարատը», «Նոան», «Փյունիկը» և «Ուրարտուն».
իսկ Առաջին խմբից թիմերից՝ «Վանը», «Լոկոմոտիվը» և ԲԿՄԱ-ն:
Հատկանշական է, որ թեստավորում անցած բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների ու անձնակազմի պատասխանը բացասական է եղել: Ի դեպ, էքսպրես մեթոդի շնորհիվ արդյունքների մասին իմացել են թեստավորումից մոտ 15-20 րոպե անց։
ՀՖՖ-ն արդեն հայտնել է, որ յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավել, քան 20 անձ, ներառյալ՝ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: Արդյունքում, հայկական թիմերը մարզումներն իրականացնելու են երկու տարբեր խմբերով՝ տարբեր ժամերի:
«Ուրարտուի» բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում նշել է, որ սա արդեն նշանակալի առաջընթաց է, քանի որ ֆուտբոլային տեսանկյունից լիարժեք մարզում են ունենալու՝ անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով.
«Հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով մարզումներին ներկա է գտնվելու միայն մարզիչն ու մեկ բուժաշխատող: Մարզվելու ենք երկու խմբերով, որոնցից յուրաքանչյուրում ֆուտբոլիստների թիվը չի գերազանցելու 15-ը»,- ասել է Վարդապետովը:
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։
Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։