Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։
«ՀՖՖ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Խոակին Կապարոսին՝ մաղթելով ուժ, տոկունություն և շուտափույթ ապաքինում։ Վստահ ենք, որ նրա ուժեղ կամքն ու մարտական բնավորությունը կօգնեն հաղթահարել այս փորձությունը»,- նշվում է հայկական ֆուտբոլը համակարգող կառույցի տարածած հայտարարության մեջ։
Խոակին Կապարոսը Հայաստանի ազգային հավաքականը ղեկավարել է 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 29-ը։ Այս ընթացքում նա 26 պաշտոնական խաղում գրանցել է 9 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 12 պարտություն։
Նրա գլխավորությամբ մեր ընտրանին պատմական հաջողություններ է գրանցել. մասնավորապես՝ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանում Կապարոսի ղեկավարությամբ Հայաստանի ազգային հավաքականը C2 խմբում գրավել է առաջին տեղը, ինչի շնորհիվ թիմը տեղափոխվել է ավելի հեղինակավոր՝ B լիգա։
Հավաքականը նաև գրանցել է իր պատմության ամենաերկար անպարտելիության շարքը՝ 9 խաղ։
Նշենք, որ իսպանացի մասնագետը նախկինում ևս առողջական խնդիրներ է ունեցել։ 2019 թվականին նրա մոտ ախտորոշվել էր քրոնիկ լեյկոզ, սակայն դա չի խանգարել նրան շարունակել մարզչական գործունեությունը։



























































