Ապրիլի 29-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը:Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Կոմիտեն քննարկեց ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև Vbet Գավաթի խաղարկության վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները: Քննարկման արդյունքում մշակվեցին առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ:
ՀՖՖ աշխատակազմին առաջարկվեց մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ Պարետատան հետ:
Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն Պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:
Օրակարգի մեկ այլ հարցով Գործադիր կոմիտեն քննարկեց ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի հնարավոր փոփոխության հարցը՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի կողմից ստացված այն խորհրդատվականը, համաձայն որի ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում ազգային ֆեդերացիաները բացառության կարգով այս տարի կարող են փոփոխել նախկինում սահմանված ժամկետները:
Որպես աշխատանքային տարբերակ՝ դիտարկվեց ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը հետաձգել մեկական ամսով: Այնուամենայնիվ, Գործադիր կոմիտեն միակարծիք էր, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի միայն առաջնությունների վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի ժամկետների վերջնական հստակեցումից հետո: