Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը, որում թուրքական «Գալաթասարայը» Ստամբուլի «ՌԱՄՍ Պարկ» մարզադաշտում ընդունել էր անգլիական «Լիվերպուլին»։ Իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորությամբ ընթացող խաղում դաշտի տերերը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարան։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ «Գալաթասարայի» կիսապաշտպան Մարիո Լեմինան։
Երկրորդ խաղակեսում թիմերը ևս մեկական անգամ գրավեցին միմյանց դարպասները, սակայն երկու դեպքում էլ գոլերը չեղարկվեցին։ Նախ՝ 63-րդ րոպեին նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի խփած գնդակը չհաշվվեց խաղից դուրս վիճակի պատճառով, ապա 71-րդ րոպեին VAR համակարգի միջամտությունից հետո չեղարկվեց նաև մերսիսայդցիների գոլը, որը նույնպես ծնվել էր անկյունայինի խաղարկումից հետո։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մարտի 18-ին, Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։ Այս դիմակայության հաղթողը մրցաշարի քառորդ եզրափակչում ուժերը կչափի ՊՍԺ — «Չելսի» զույգի հաղթողի հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































