Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը կոշտ է արձագանքել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի քննադատությանը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Ռեալ» — «Բենֆիկա» (1:0) հանդիպման ժամանակ մադրիդցիների վինգեր Վինիսիուս Ժունիորը մրցավարին տեղեկացրել էր, որ Ջանլուկա Պրեստիանին իրեն «կապիկ» է անվանել: Խաղից հետո Կիլիան Մբապեն հաստատել էր, որ լսել է ռասիստական վիրավորանքը «Բենֆիկայի» ֆուտբոլիստի կողմից:
Ավելի վաղ Չիլավերտն այսպես էր մեկնաբանել իրավիճակը.
«Մբապեն խոսում է արժեքներից, բայց ապրում է տրանսվեստիտի հետ, դա նորմալ չէ: Պրեստիանիին պետք է պաշտպանել, ֆուտբոլն ինչ-որ կանացի է դարձել»: Նախկին ֆուտբոլիստը նաև հայտարարել էր, որ Վինիսիուսն է առաջինը վիրավորել արգենտինացուն:
«Արքայական ակումբի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով.
«Ցավալի է, սա վիրավորանքի ևս մեկ դրսևորում է: Նման բաները տեղ չունեն ժամանակակից աշխարհում, առավել ևս՝ նախկին գործընկերոջ շուրթերից»:
Ի պատասխան՝ Չիլավերտը Radio Rivadavia-ի եթերում ասել է.
«Ասեք Կուրտուային, որ Բելգիան զավթված է մուսուլմանների կողմից, ովքեր հանդուրժում են կանանց ծեծն ու սպանությունը: Հարավամերիկյան արժեքներն ուղղված են ընտանիքին, և մենք պետք է դրանք պաշտպանենք: Սա է ամբողջ էությունը»:





















































