Ռումինական ՈւՏԱ Արադի գլխավոր մարզիչ Ադրիան Միխալչան խոստովանել է, որ անկեղծորեն ցավում է թիմի եզրային հարձակվող Վալենտին Կոստակեի հեռանալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ տրանսֆերից հետո իրենց կազմում լուրջ բաց է առաջանում։
27-ամյա ռումինացի ֆուտբոլիստը լքում է Ռումինիայի Սուպերլիգան և կարիերան կշարունակի Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Նոայի» կազմում։
Արդեն հայտնի են նաև գործարքի ֆինանսական մանրամասները. արադյան ակումբը որպես փոխհատուցում կստանա 200 հազար եվրո, իսկ Կոստակեի աշխատավարձը հայկական թիմում կկազմի ամսական 30 հազար եվրո։
Հիշեցնենք, որ Ռումինիայի Մ-23 հավաքականում երկու հանդիպում անցկացրած վինգերը ՈւՏԱ-ին էր միացել 2024 թվականի հուլիսին և ուներ գործող պայմանագիր մինչև 2027 թվականի ամառը։ Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում նա Սուպերլիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք, որ ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 1 մլն եվրո։



























































