«ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Պեր Կոպմեյներսը խոսել է «Նոայից» կրած արտագնա պարտության (0:1) մասին՝ մատնանշելով թիմի հիմնական խնդիրները։ Ֆուտբոլիստի խոսքով՝ այս մրցաշրջանում նիդերլանդական թիմը չափազանց անկայուն տեսք ունի և պետք է զգալիորեն բարելավի խաղի որակը։
«Առաջին կես ժամը մենք լավ տեմպով էինք խաղում և վստահ էինք տիրում գնդակին: Բայց հետո սկսեցինք չափազանց շատ սխալվել, իսկ խաղի տեմպն ընկավ: Մենք մի փոքր կորցրինք կենտրոնացումը, ազատ գոտիներ տվեցինք մրցակցին, և նրանք դատարկ տեղից գոլ խփեցին։ Դրան հաջորդած մեկ ժամվա ընթացքում մենք պարզապես բավարար չափով լավը չէինք»,- Ziggo Sport-ի հետ զրույցում նշել է Կոպմեյներսը:
Կիսապաշտպանն ընդգծել է խաղադաշտում ավելի հուսալի գործելու անհրաժեշտությունը.
«Մենք պետք է ավելի հուսալի և ավելի մեծ վստահությամբ խաղանք, ստիպենք գնդակին ավելի շատ շարժվել: Մենք խաղում էինք մրցակցի օգտին, քանի որ անփույթ էինք գործում»,- ասել է ֆուտբոլիստը՝ հավելելով, որ դժվարանում է միանգամից բացատրել, թե ինչու Երևանում չստացվեց ցուցադրել իրենց բուն խաղը.
«Պետք է լրջորեն վերլուծենք դա: Մենք պետք է այստեղ արդյունքի հասնեինք, ամեն ինչ պարզ է: Այժմ պետք է ամբողջ ուժերով նախապատրաստվենք, որպեսզի հաջորդ շաբաթ շտկենք իրավիճակը»:
Խոսելով ողջ մրցաշրջանում ալկմարյան թիմին ուղեկցող անկայունության մասին՝ նա նշել է, որ դա իրենց ամենացավոտ կետերից է.
«Լինում են դրվագներ, երբ լավ ենք խաղում, բայց լինում են նաև պահեր, երբ մեր խաղամակարդակը չափազանց ընկնում է։ Դրանից պետք է իսպառ ազատվել։ Մենք շատ ենք աշխատում այդ ուղղությամբ, բայց պարզ է, որ պետք է ավելացնենք»։
Կոպմեյներսի կարծիքով՝ խնդիրը հանդերձարանում առաջնորդի պակասը չէ.
«Մենք ունենք բավականաչափ անհրաժեշտ փորձով տղաներ: Այդ հարցում ամեն ինչ արվում է, և երկրպագուները դրա համար անհանգստանալու կարիք չունեն»,- եզրափակել է նա:




























































