Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոայի» դեմ առաջին հանդիպմանն ընդառաջ՝ նիդերլանդական ԱԶ-ն արդեն ճանապարհվել է Հայաստան:
Ալկմարը ներկայացնող ակումբի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է 23 ֆուտբոլիստ, երեքշաբթի կեսօրին մեկնել է Ամստերդամից:
Հյուրերի կազմում կան ուշագրավ վերադարձեր. վնասվածքներից ապաքինվել և թիմին են միացել Սվեն Մինյանսն ու Մեքս Մերդինկը: Հայտացուցակում է նաև երկարատև դադարից հետո շարք վերադարձած Կես Սմիտը:
Սակայն կա նաև կորուստ. վնասվածքի պատճառով Նիդերլանդներում է մնացել Ուեսլի Պատատին: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 32 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 3 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ դիմակայությունը տեղի կունենա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 21:45-ին:



























































