«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով Lego կոնստրուկտորից հավաքված Աշխարհի գավաթի կրկնօրինակը։
2026 թվականի աշխարհի առաջնությանը նվիրված այս հավաքածուն բաղկացած է 2842 դետալից և պատրաստված է 1:1 մասշտաբով։ Այն իր չափսերով լիովին համապատասխանում է բնօրինակին (36 սմ), սակայն տարբերվում է քաշով (իսկական գավաթը կշռում է ավելի քան 6 կգ)։

Գավաթի կրկնօրինակը նաև թաքնված անակնկալ ունի. վերին հատվածը բացվում է, որի ներսում տեղադրված է աշխարհի չեմպիոնի մինի-ֆիգուրը՝ ձեռքին փոքրիկ գավաթով։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականի Մունդիալի եզրափակիչում արգենտինացիները մրցեցին Ֆրանսիայի ընտրանու հետ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց «Ալբիսելեստեն» (4:2):




























































