Մոսկվայի մարզում 31 տարեկան հասակում մահացել է պաշտպան Լայոնել Ադամսը, ով հայ երկրպագուներին հայտնի է երևանյան «Ուրարտուում» ունեցած ելույթներով։
Ռուսական Матч ТВ-ն, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ ֆուտբոլիստը ընկել է պատուհանից։
«Ընկել է պատուհանից, դա Ադամսն է»,- լրատվամիջոցին հայտնել են ոստիկանությունից։ Ավելի վաղ Mash-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերին Զվենիգորոդում Ադամսը ենթարկվել էր հարձակման և ծեծի։
Երևանյան ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել ողբերգական դեպքի առթիվ.
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Լայոնել Ադամսը: Նշենք, որ Լայոնելը անցկացրել է 35 խաղ՝ 2016 թվականին «Ուրարտուի» կազմում դառնալով Հայաստանի գավաթակիր: Ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»:
Իր կարիերայի ընթացքում Ադամսը հանդես է եկել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում, «Ենիսեյում», Նաբերեժնիե Չելնիի «ԿԱՄԱԶ»-ում, ինչպես նաև Ղազախստանի, Բելառուսի և Իսպանիայի ակումբներում։ Նա ժամանակին հրավիրվել է Ռուսաստանի մինչև 18 տարեկանների հավաքական։ Վերջին շրջանում ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում էր։




























































