Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում ՊՍԺ-ն 5:0 հաշվով պարտության մատնեց «Բրյուգեին»: Խաղի 52-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ երեք գոլի հեղինակ:
Նրա երկրորդ գոլը 15-րդն էր մրցաշարում։ Մբապեն դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (20 տարեկան, 306 օր), որը հատել է ՉԼ-ում 15 գոլի սահմանագիծը: Ավելի վաղ այդ նվաճումը պատկանում էր Լիոնել Մեսսիին, որը Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գոլը խփել էր 21 տարեկանում: Մինչև Մեսսին, նվաճումը պատկանում էր իսպանացի հարձակվող Ռաուլին, որն այդ արդյունքին հասել էր 22 տարեկանում:
Փարիզյան թիմը A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է 9 միավորով, «Բրյուգեն» (2 միավոր) 3-րդ տեղում է: