«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում կատալոնական թիմից հեռացվելուց հետո:
«Ի՞նչ զգացի ես «Բարսելոնայից» հեռացվելուց հետո: Հաստատ թեթևացում չէ… Որովհետև ես ուզում էի մնալ, բայց ինձ ասացին, որ չեմ կարող շարունակել աշխատել իմ սիրելի ակումբում։ Կարծես առաջին իսկ օրվանից իմ ասածը երկրաշարժ է առաջացրել լրատվամիջոցներում ու ղեկավարության շրջանում։ Ես իսկապես չգիտեմ ինչու»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Սպասվում է, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը։ Կատալոնական ակումբը նրա նշանակման մասին կարող է հայտարարել մայիսի 27-ին։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 10 միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»: Իսպանիայի գավաթի խաղարկությունում Չավիի թիմը դուրս է մնացել 1/4 եզրափակիչ փուլում՝ պարտվելով մրցաշարի վերջնական հաղթող Բիլբաոյի «Ատլետիկին»։ Չեմպիոնների լիգայում կատալոնացիները նույնպես դուրս մնացին քառորդ եզրափակչում՝ երկու խաղերի դիմակայությունում զիջելով ֆրանսիական ՊՍԺ-ին։ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:4):