Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո կարիերան ավարտելու որոշումը։
«Ռեալում» իմ շնորհանդեսի օրն այն օրն է, որը փոխեց իմ կյանքը։ Իմ կյանքը՝ որպես ֆուտբոլիստ, բայց ամենից շատ՝ որպես մարդ։ Դա աշխարհի ամենամեծ ակումբում նոր գլխի սկիզբն էր: 10 տարի անց՝ մրցաշրջանի վերջում, այս գլուխն ավարտվում է: Ես երբեք չեմ մոռանա այդ անհավանական հաջողության ժամանակը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր բաց սրտով ընդունեցին ինձ և վստահեցին ինձ։
Բայց հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի մադրիդիստներ, ձեր ջերմության և սիրո համար առաջինից մինչև վերջին օրը: Միաժամանակ, այս որոշումը նշանակում է, որ իմ՝ որպես ակտիվ ֆուտբոլիստի կարիերան կավարտվի այս ամառ՝ Եվրոպայի առաջնությունից հետո։
Ինչպես միշտ ասել եմ. «Ռեալը» եղել և կլինի իմ վերջին ակումբը։ Ես ուրախ եմ և հպարտ, որ գտել եմ իմ որոշման ճիշտ պահը և կարողացել եմ ինքս ընտրել այն։ Ես միշտ ձգտել եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակով»,- X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում Կրոսի խոսքերն է մեջբերում լրագրող Մատեո Մորետոն։