«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում, որում իր թիմը սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3-1։ Նորվեգացին գոլի հեղինակ դարձավ 90+1-ին րոպեին։ Առաջին խաղակեսի վերջնամասում հարձակվողը չկարողացավ արդյունավետ ավարտել Ֆոդենի փոխանցումը՝ նպաստավոր դիրքից բաց թողնելով դատարկ դարպասը գրավելու հնարավորությունը։
«Էրլինգը հիասթափված էր այդ դրվագից հետո, և ես նույնպես տխրեցի: Ցանկանում եմ, որ նա ամեն խաղում չորս կամ հինգ գոլ խփի: Նա այն խաղացողն է, ով կարող է հնարավորությունը բաց թողնել և տխրել 10 վայրկյան, բաց թողնել ևս հինգ հնարավորություն և տխրել ևս 10 վայրկյան: Բայց հետո նա պետք է ջնջի իր հիշողությունից այդ դրվագը և անցնի առաջ։
Մեծագույն ֆուտբոլիստները, որոնց ես հանդիպել և մարզել եմ, անհաջողությունները միանգամից մոռանալու զարմանալի ունակություն ունեն։ Հավանաբար դա նրանց ցավ է պատճառում, բայց նրանք ամեն ինչ մոռանում են հնարավորինս արագ:
Բոլորը վրիպում են, բայց բաց թողնված հնարավորությունից հետո ժպտում են ու առաջ են գնում։ Սա բնորոշում է մեծագույն ֆուտբոլիստներին, և Հոլանդը հենց դա արեց»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchster Evening News-ը:
























































