Իսպանիայի հավաքականը պատրաստել է ԱԱ-2022-ի՝ 55 հոգուց բաղկացած ընդլայնված հայտացուցակը։
Վերջնական հայտացուցակում պետք է տեղ գտնի 26 ֆուտբոլիստ։ Հաղորդվում է, որ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խնդրանքով նախնական հայտացուցակը չի հրապարակվի։ Դրանում յուրաքանչյուր դիրքի համար 5 խաղացող է հրավիրված։
Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ հայտացուցակից բացակայում է ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ դե Խեան։ Նշվում է, որ ԱԱ-2022-ին կմասնակցեն Ունաի Սիմոնը («Աթլետիկ»), Ռոբերտ Սանչեսը («Բրայթոն») և Դավիդ Ռայան («Բրենթֆորդ»)։ Կեպա Առիսաբալագան («Չելսի») և Դավիդ Սորիյան («Խետաֆե») ցուցակում են, բայց ԱԱ-ին, ամենայն հավանականությամբ, չեն մեկնի։
AS-ը գրում է նաև, որ նախնական հայտացուցակում են Անսու Ֆատին՝ «Բարսելոնա», վնասվածք ունեցող Միկել Օյարսաբալը՝ «Ռեալ Սոսյեդադ» և Ժերար Մորենոն՝ «Վիլյառեալ», ինչպես նաև Նիկո Ուիլյամսը՝ «Աթլետիկ», Բորխա Իգլեսիասը և Սերխիո Կանալեսը՝ երկուսն էլ «Բետիս»։
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ևս ցուցակում է, բայց նա քիչ շանսեր ունի աշխարհի առաջնություն մեկնելու։