Հարձակվողներ Կարլոս Վելան և Խավիեր «Չիչարիտո» Էրնանդեսը չեն խաղա Մեքսիկայի հավաքականի կազմում Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում։
Այս մասին հայտնել է Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։
«Լոս Անջելեսի» 33-ամյա հարձակվող Վելան և «ԼԱ Գալաքսիի» հարձակվող 35-ամյա Չիչարիտոն չեն հրավիրվել թիմի սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքին, որտեղ մեքսիկացիները ընկերական խաղեր կանցկացնեն Պերուի և Կոլումբիայի դեմ:
Վելան ազգային հավաքականից հեռանալու մասին հայտարարեց 2020 թվականի մայիսին, սակայն այդ ժամանակվանից շատերը սպասում էին նրա վերադարձին։ Էրնանդեսն իր կարիերան չի ավարտել ազգային հավաքականում, սակայն վերջին անգամ այնտեղ խաղացել է 2019 թվականին։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ ԱԱ-2022-ի խմբային փուլում Մեքսիկան կմրցի Արգենտինայի, Սաուդյան Արաբիայի և Լեհաստանի հետ: