Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված SADA Cup բասկետբոլի միջազգային մրցաշարին։ Ասուլիսին մասնակցեցին ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, SADA-ի մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը, Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանը և Անդրե Սպայթ Մկրտչյանը։
Գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանից տեղեկանում ենք, որ հավաքականը ունի նոր խաղացողներ և մոտավորապես երկու շաբաթ ժամանակ, որպեսզի պատրաստվի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը։
«Արդեն յոթ մարզում ենք անցկացրել։ Աշխատում ենք ինչպես տակտիկական վարժությունների, այնպես էլ վերականգնման վրա։ Մեր երկարաժամկետ նպատակներից է հիմք ստեղծել հայկական բասկետբոլի համար։ Բասկետբոլիստների հետ խոսում ենք մի քանի լեզվով, սակայն գլխավորը հենց բասկետբոլի լեզուն է։
Փորձում ենք աշխատել NBA-ի ոճով։ Ժամանակ է հարկավոր, որին զուգահեռ պետք է ներդնենք ռեսուրսներ։ Շատ կարևոր է, որ մարզիչները ևս դուրս գան նոր մակարդակի»,- նշեց գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը։
SADA Cup-ին կմասնակցի չորս թիմ, իսկ մրցաշարը տեղի կունենա հունիսի 23-ից 26-ին։