Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանն այսօր՝ փետրվարի 11-ին, տոնում է ծննդյան 93-րդ տարեդարձը:
ArmSport-ը շնորհավորում է պարոն Ազարյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն և երկար տարիների կյանք:
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։
1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։
1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։
1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։
Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի պատվին։