2022 թվականի մայիսի վերջին Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ու բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Կարեն Գիլոյանի խոսքով, անգամ Խորհրդային տարիներին Երևանում նման մասշտաբի միջազգային մրցաշար չի անցկացվել։
«Սա, իսկապես, շատ լուրջ և կարևոր մրցաշար է, որը հանձն ենք առել պատվով անցկացնել։ ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովի հետ բանակցությունները տվեցին դրական արդյունք։ Արդեն ստացել ենք պաշտոնական գրությունը, իսկ ՀՀ Կառավարությունը հանձն է առել ամբողջովին աջակցել մրցման անցկացմանը»,- ասել է Կարեն Գիլոյանը։
Հայաստանն այս մրցաշարի անցկացման իրավունքի համար պայքարել է Ռուսաստանի և Իսպանիայի հետ ու ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթող ճանաչվել։
Առաջնությունն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։