«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմա Տուխելը կարծիք է հայտնել, որ թիմի կիսապաշտպան Ժորժինյոն արժանի է ստանալու «Ոսկե Գնդակը».
«Ժորժինյոն արժանի է «Ոսկե Գնդակին»: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է, և ինձ հաճելի է նրա մարզիչը լինելը: Նա հիանալի է տեսնում ֆուտբոլը: Ինձ համար անհատական մրցանակներն այնքան էլ մեծ նշանակություն չունեն, քանի որ հնարավոր չէ իրական համեմատություն անցկացնել տարբեր դիրքերում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների միջև:
Ես կցանկանայի, որ իմ տղաներից մեկը ստանար «Ոսկե Գնդակը», քանի որ գիտեմ, թե դա ինչ ազդեցություն կունենա: Ժորժինյոն լավ մարդ է և շատ լավ ֆուտբոլիստ, բայց ընդհանուր առմամբ մրցանակ ստանալն ամենակարևորը չէ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Չելսիի» կազմում 10 հանդիպման է մասնակցել, որոնցում չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով: Ժորժինյոն 2018 թվականից է հանդես գալիս լոնդոնյան ակումբի կազմում: 2021 թվականի ամռանը կիսապաշտպանն Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության 7 հանդիպման մասնակցեց և դարձավ մրցաշարի հաղթող: