Այսօր կկայանան Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։ Համառոտ անդրադառնանք խմբերում տիրող իրավիճակին և այսօրվա կայանալիք խաղերին։
Երկրորդ տուրում A խմբի առաջատար «Լիոնը» սեփական հարկի տակ կընդունի դանիական «Բրոնդբյուին»: Իսկ ահա Ջերարդի «Ռեյնջերսը» կփորձի առաջին միավորները վաստակել խմբային փուլում` չնայած բավականին բարդ մրցակցին, ի դեմս չեխական «Սպարտային»։ Այս պահին «Լիոնն» իր ակտիվում ունի 3, դանիական և չեխական ակումբները՝ մեկական միավոր։ Իսկ Գլազգոյի թիմը դեռևս 0 միավորով եզրափակում է կվարտետը։
30.09/ «Լիոն»-«Բրոնդբյու» / 20:45
30.09/ «Սպարտա»-«Ռեյնջերս» / 20:45
B խմբի առաջատարը ևս ֆրանսիական ակումբ է՝ «Մոնակոն», որին այսօր ծանր հանդիպում է սպասվում «Ռեալ Սոսեյդադի» հետ, որն իր ակտիվում ունի մեկ միավոր։ Նույնքան միավոր ունի նաև ՊՍՎ-ն, որը կփորձի բարելավել իր դիրքերը դեռևս ոչ մի միավոր չվաստակած ավստրիական «Շտուրմի» հետ դիմակայությունում։ Ակնհայտ է, որ խմբից դուրս գալու հավակնորդներն առաջին երեք ակումբներն են, իսկ ավստրիական ակումբին մնում է միայն ապացուցել, որ այստեղ նա միավորներ բաժանելու դերը չի կատարում։ Միգուցե, հենց այսօր նա դա ապացուցի։
30.09/ «Ռեալ Սոսեյդադ»-«Մոնակո» / 20:45
30.09/ «Շտուրմ»-ՊՍՎ / 20:45
«Լեսթերն» ու «Նապոլին», որոնք մրցաշարի գլխավոր ֆավորիտներից են, առաջին տուրում միավորներ կիսեցին անձնական դուելում՝ թույլ տալով «Լեգիային» երեք միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Այս տուրում «աղվեսներին» դժվար երեկո է պասվում Վարշավայում, իսկ նեապոլիտանացիները սեփական հարկի տակ կընդունեն ճգնաժամը հաղթահարել փորձող «Սպարտակին»։
30.09/ «Լեգիա»-«Լեսթեր» / 20:45
30.09/ «Նապոլի»-«Սպարտակ» / 20:45
D խմբում առաջատարն «Օլիմպիակոսն» է, որն իր ակտիվում ունի 3 միավոր, «Ֆեներբախչեն» և «Այնտրախտը» ունեն մեկական միավոր իրենց ակտիվում, իսկ բելգիական «Անտվերպենը» դեռևս միավոր չի վաստակել։ Այստեղ պատկերը նման է B խմբին․ կա երեք թիմ, որ պայքարում է խմբից դուրս գալու համար, և կա «Անտվերպեն», որը կփորձի խառնել այդ եռյակի խաղաքարտերը։
30.09/ «Անտվերպեն»-«Այնտրախտ» / 20:45
30.09/ «Ֆեներբախչե»-«Օլիմպիակոս» / 20:45
Իսկ ահա E խումբն ամենաանկանխատեսելիներից է, որտեղ հնարավոր է իրադարձությունների ցանկացած զարգացում։ Դրա վկայությունն է առաջին տուրում «Լացիոյի» կրած պարտությունը, իսկ «Լոկոմոտիվը», չնայած «Մարսելի» ահռելի առավեությանը, ապացուցեց, որ «ամուր ընկույզ» է, և բոլորովին չի պատրաստվում դուրս մնալ հաջորդ փուլի ուղեգրի մրցավազքից։
30.09/ «Լացիո»-«Լոկոմոտիվ» / 23:00
30.09/ «Մարսել»-«Գալաթասարայ» / 23:00
F խմբում ևս ակնհայտ ֆավորիտներ չկան, բոլոր թիմերը գրեթե հավասար են իրենց ներուժով և այստեղ ևս թեժ պայքար է ակնկալվում։ Խմբի առաջատարը սերբական «Ցրվենա Զվեզդան» է, որն առաջին տուրում հաղթել էր «Բրագային», իսկ բուլղարական և դանիական թիմերը բաժանվել էին խաղաղությամբ և այժմ մեկակական միավոր ունեն իրենց ակտիվում։
30.09/ «Լուդոգորեց»-«Ցրվենա Զվեզդա» / 23:00
30.09/ «Բրագա»-«Միդտյուլանդ» / 23:00
Ամենահետաքրքիր խմբերից մեկը G կվարտետն է․ այստեղ Շոտլանդիայի և Հունգարիայի չեմպիոնները կփորձեն հավասար պայքար մղել «Բայերի» և «Բետիսի» հետ։ Չնայած․․․ դա նրանց մոտ դեռևս չի ստացվում․ նախորդ տուրում գերմանական և իսպանական ակումբները հաղթել էին մրցակիցներին և այժմ երկուսով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
30.09/ «Սելթիկ»-«Բայեր» / 23:00
30.09/ «Ֆերենցվարոշ»-«Բետիս» / 23:00
Իսկ ահա վերջին՝ H խմբում, ֆավորիտը լոնդոնյան ակումբն է։ «Վեսթ Հեմը» առաջին տուրում արտագնա հաղթանակ տարավ «Դինամո Զագրեբի» նկատմամբ, որը փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրի հավակնորդներից մեկն է։ Իսկ ահա մյուս հավակնորդը՝ «Գենկը», նախորդ տուրում վաստակեց իր երեք միավորը։ Բայց «Ռապիդին» ևս չի կարելի թերագնահատել, այս թիմը շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է անակնկալներ մատուցել․․․
30.09/ «Գենկ»-«Դինամո Զագրեբ» / 23:00
30.09/ «Վեսթ Հեմ»-«Ռապիդ» / 23:00
Վար Բաբայան