«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը խոսել է հռոմեական ակումբում իր նպատակների, ինչպես նաև Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի մասին։
«Ինչո՞ւ եմ միայն 26 տարեկանում տեղափոխվում մեծ ակումբ։ Պատճառը ձեզ բացատրելը հեշտ չէ։ Ամեն տարի ես փորձել եմ հասնել իմ առջև դրված նպատակներին։ Չեմ կարծում, թե տարիքը մեծ նշանակություն ունի, կարևորն այն է, որ ես հիմա «Ռոմայի» պես մեծ ակումբում եմ։ Շատ ուրախ եմ, ու չեմ համբերում ցույց տալ ինչի եմ ընդունակ, ու չեմ համբերում տիտղոսներ նվաճել «Ռոմայի» հետ։
Մոուրինյո՞ւն է ինձ համոզել տեղափոխվել «Ռոմա»։ Այո, մենք արդեն պատահաբար հանդիպել էինք Մոսկվայում երկու տարի առաջ։ Երբ իմացա «Ռոմայի» հետաքրքրվածության մասին, միանգամից ասացի «այո»։ Առաջին հերթին, որովհետև սա «Ռոման» է՝ եվրոպական մեծ ակումբ, բայց նաև որովհետև աշխատելու եմ Մոուրինյուի պես մեծ մարզչի հետ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։