Սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը կարծիք է հայտնել՝ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի անցկացման վայրի մասին, տեղեկացնում է Dnevnik.rs-ը:
«Հավատում եմ, որ ՈւԵՖԱ-ն վաղը կուսումնասիրի հանդիպման մասնակիցների անվտանգության հետ կապված խնդիրները և ճիշտ որոշում կկայացնի:
Ես կարծում եմ, որ այս դիմակայությունը պետք է Հայաստանում տեղի ունենա: Մենք չենք ցանկանում օգտվել հայ ժողովրդի համար այս բարդ իրավիճակից և փոխել խաղի անցկացման վայրը:
Վիճակահանության արդյունքում պետք է խաղանք դրսում. ուրեմն կգնանք և այնտեղ էլ կհաղթենք»,-ասել է Տերզիչը:
Հիշեցնենք ՝ Armsport.am-ին հայտնի էր դարձել, որ սերբական թիմն առաջարկել էր հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիպումն անցկացնել Բելգրադում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և նման պարագայում խաղի անցկացումը Հայաստանի տարածքում իրատեսական չէ: