Լուիս Կավանին՝ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը, հայտարարել է, որ ֆրանսիական ակումբը երբեք չի հաղթի Չեմպիոնների լիգայում.
«Չեմպիոնների լիգայում հաղթանակը երազանք է Էդինսոնի համար: Նա իր տան սեղանի վրա գրել է՝ «ՊՍԺ-ն Եվրոպայի 2019 թվականի չեմպիոնն է»: Ես ծիծաղեցի ու վերևում ավելացրի՝ «Հա-հա-հա»:
Կարծում եմ՝ նա դեռևս չի նկատել, բայց մի օր կջնջի դա: Նա կարծում է, որ ես բացասաբար եմ տրամադրված: Էդինսոնին ասացի, որ նա Ֆրանսիայում կնվաճի բոլոր տիտղոսները, բայց երբեք չի դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի կազմում: Ֆուտբոլում չի կարելի հաղթել՝ պարզապես շատ գումարներ ծախսելով»,- Լուիս Կավանիի խոսքերն է փոխանցում AS-ը:
32-ամյա Կավանին 2013 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: Հարձակվողն ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 288 խաղում դառնալով 195 գոլի հեղինակ: