«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձմռանն ավելի քան 100 միլիոն եվրո ծախսել տրանսֆերների համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ «քաղաքայինները» մտադիր են միանգամից մի քանի դիրքերի համար խաղացողներ գնել, որպեսզի փորձեն մրցաշարային աղյուսակում հասնել «Լիվերպուլին»: Գլխավոր դիրքերից մեկը, որն ուժեղացման կարիք ունի, պաշտպանության կենտրոնն է: Վենսան Կոմպանիի հեռանալու և Էմերիկ Լապորտի վնասվածքով պայմանավորված՝ «Մանչեսթեր Սիթիի» ընտրությունն այդ դիրքում կտրուկ բարդանում է:
«Մանչեսթեր Սիթին» փնտրում է նաև ֆուտբոլիստ կիսապաշտպանության կենտրոնի համար: Անգլիացի Ֆիլ Ֆոդենը հավակնում է այդ դիրքին, բայց Գվարդիոլայի թիմին պետք է պատրաստ ու փորձառու խաղացող:
Հաղորդվում է, որ Խոսեպ Գվարդիոլան կարող է հեռանալ ակումբից, քանի որ այս տարի ավելի վաղ Իսպանիա է վերադարձել նրա կինը: Բայց ակումբում այս տեղեկությունը հերքել են՝ հայտարարելով, որ 48-ամյա մասնագետը դեռ մեկ ու կես տարվա պայմանագիր ունի: