Մեծ հնգյակի առաջնություններից առաջինը Բունդեսլիգան ավարտեց 2019/20 մրցաշարջանը։ Երեկ՝ հունիսի 27-ին, կայացան Գերմանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումները։
Այո, առաջինը ավարտվեց հենց Բունդեսլիգան, քանի որ ֆրանսիական Լիգա 1-ի՝ մրցաշրջանի ժամկետից շուտ ավարտը վերապահումով կարելի անվանել ավարտված․ այն պարզապես չվերսկսվեց։ Թոփ լիգաներից Բունդեսլիգան նաև առաջինն էր, որ վերսկսեց մրցաշրջանը մոտ մեկ ամիս առաջ։

Մինչ կկայանային վերջին տուրի հանդիպումները, որոնց արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, շատ հարցերի պատասխաններ մենք արդեն ստացել էինք։ «Բավարիան» դեռ երկու տուր առաջ արդեն ապահովել էր չեմպիոնությունը, Դորտմունդի «Բորուսիան» նախորդ տուրից հետո արդեն պարզ էր, որ կլինի երկրորդը։ Իսկ ահա Չեմպիոնների Լիգայի ուղեգրերի համար պայքարում ամեն ինչ չէր, որ պարզ էր։ Եթե «ՌԲ Լայպցիգը», կարելի է ասել, արդեն իսկ ապահովել էր իր տեղը ՉԼ-ում հաջորդ մրցաշրջանի համար, ապա չորրորդ ուղեգրի համար «Բայերը» ակնկալում էր, որ վերջին տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» կսայթաքի և կզիջի չորրորդ հորիզոնականը իրենց։ Վերջին տուրում «Բայերը» կարողացավ նվազագույն հաշվով հաղթել «Մայնցին» (1-0), սակայն «դեղագործների» հույսերը չարդարացան, քանի որ հաղթանակ տարավ նաև «Բորուսիան»՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Հերտայի» նկատմամբ։ «Բավարիա», «Բորուսիա Դ․», «ՌԲ Լայպցիգ» և «Բորուսիա Մ․»․ ահա այս քառյակին մենք կտեսնենք ՉԼ-ի 2020/21 մրցաշրջանում։

Իսկ «Բայերը» հաջորդ մրցաշրջանում Գերմանիան կներկայացնի Եվրոպա Լիգայում։ Փոխչեմպիոն «Բորուսիան» վերջին տուրում անակնկալ պարտություն կրեց սեփական դաշտում։ Կրամարիչի պոկերը 0-4 հաշվով հաղթանակ բերեց «Հոֆենհայմին»։ Նշենք, որ Սարգիս Ադամյանը դարձյալ բացակայում էր վնասվածքի պատճառով։ «Հոֆենհայմը» ևս Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել: Այդ մրցաշարին կմասնակցի նաև «Վոլֆսբուրգը», որը մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Ինչ վեաբերվում է մրցաշարի անհաջողակներին, ապա մարզական ֆորտունան երես թեքեց «Ֆորտունայից», որը «Պադերբորնի» հետ միասին ուղևորվեց 2-րդ Բունդեսլիգա։ Իսկ ահա «Վերդերը» վերջին տուրում 6-1 հաշվով հաղթեց «Քյոլնին» և, բարձրանալով 16-րդ հորիզոնական, հնարավորություն ստացավ պահպանել իր տեղը բարձրագույն լիգայում։ Այդ խաղում կցանկանայի առանձնացնել ճապոնացի հարձակվող Յույա Օսակոյին, ով պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց՝ դառնալով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։ «Վերդերը» Բունդեսլիգայում իր տեղը պահպանելու համար կհանդիպի 2-րդ Բունդեսլիգայում երրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ։ Նշենք, որ Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր է նվաճել Բիելֆիլդի «Արմինիան», իսկ երկրորդ հաջողակին կիմանանք արդեն 2-րդ Բունդեսլիգայի վերջին տուրից հետո․ դա ամենայն հավանականությամբ կլինի «Շտուտգարտը»։
Չեմպիոնը

Դեռ երկու տուր առաջ «Բավարիան» 8-րդ տարին անընդմեջ և 30-րդ անգամ իր պատմության ընթացքում հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։ Իսկ ահա եզրափակիչ տուրում մյունխենյան ակումբը 0-4 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։ Խաղից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները ստացան մեդալներն ու Բունդեսլիգայի մրցանակը՝ արծաթյա սկուտեղը։

Մյունխենյան թիմի հաջողություններում մեծ էր նաև գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկի դերը։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում մյունխենյան ակումբը՝ գլխավոր մարզիչ Ֆլիկի գլխավորությամբ, հնարավոր 51 միավորից վաստակեց 49 միավոր՝ +44 գոլային տարբերությամբ: Դա մրցաշրջանի ռեկորդային երկրորդ կեսն է Բունդեսլիգայի պատմության մեջ: «Վոլֆսբուրգի» նկատմամբ հաղթանակը «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին թույլ տվեց ռեկորդ սահմանել: Նա դարձավ ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը, ով 25 խաղ անընդմեջ պարտություն չի կրել բոլոր մրցաշարերում: Հատկանշական է, որ Ֆլիկը գերազանցել է Խոսեպ Գվարդիոլայի նվաճումը, որի անպարտելիության շարքը «Բավարիայում» կազմում էր 24 խաղ:

Ահա թե ինչպես են նշում բավարացիներն իրենց հերթական չեմպիոնությունը․
Լավագույնները

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 34 գոլով դարձավ Բունդեսլիգայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն։ Լեհ հարձակվողը նաև արդյունավետության սեփական ռեկորդ սահմանեց։ 31 խաղերում 34 գնդակ խփելով՝ Լևանդովսկին արդեն 3-րդ անընդմեջ մրցաշրջանում դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուն։ Նախկինում որևէ ֆուտբոլիստի չի հաջողվել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դառնալ 3 մրցաշրջաններում անընդմեջ։ Լևանդովսկին Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու է ճանաչվում կարիերայում 5-րդ անգամ։ Այդ ցուցանիշով նրանից առաջ միայն Գերդ Մյուլլերն է։ Նա 7 անգամ է լավագույն ռմբարկու դարձել։ Ռմբարկուների ցուցակում լեհ հարձակվողին հաջորդում են «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները՝ 28 գոլով 34 խաղերում և «Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն՝ 17 գոլով 32 խաղերում։
Բունդեսլիգան, առաջնության վերջին տուրից առաջ, հայտարարել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Լավագույնն է ճանաչվել, արդեն գուշակեցիք ո՞վ, այո՛, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), իսկ երրորդը՝ Կայ Հավերցը («Բայեր»):

Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի «Վոլֆսբուրգ»-«Բավարիա» խաղում հյուրերի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը գոլային փոխանցում է կատարել Քինգսլի Կոմանին։ Մյուլերի համար այս ասիստը դարձել է 21-րդը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Այսպիսով, Մյուլերը գերազանցել է «Վոլֆսբուրգի» նախկին կիսապաշտպան Քևին դե Բրույնեի 2015 թվականի ռեկորդը։

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է նաև առաջնության լավագույն նորեկի անունը՝ 2019/20 մրցաշրջանի արդյունքների համաձայն: Քվեարկությանը մասնակցում էին երկրպագուները, ակումբները և փորձագետները: Առաջնության լավագույն նորեկ է ճանաչվել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը, ով մյունխենյան ակումբի հետ դարձավ Գերմանիայի չեմպիոն: 19-ամյա կանադացին այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 28 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Դեյվիսը քվեարկության արդյունքներով շրջանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, «Շալկեի» պաշտպան Ջոնջո Քենիին, Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամին և «Քյոլնի» կիսապաշտպան Իսմայիլ Յակոբսին:
Վերներ․․․

Ի դեպ, հատկանշական է, որ Տիմո Վերները իր վերջին հանդիպումն անցկացրեց «ՌԲ Լայպցիգի» կազմում «Աուգսբուրգի» դեմ խաղում։ Նա դարձավ գոլի հեղինակ և այդպիսով Վերների համար այս գոլը 94-րդն էր «ՌԲ Լայպցիգի» մարզաշապիկով։ Ակումբի կազմում իր վերջին խաղում նա շրջանցեց Դանիել Ֆրանին (93) և դարձավ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն:
Դե ինչ, ևս մեկ շատ հետաքրքիր մրցաշրջան արդեն անցյալում է, իսկ մենք զինվենք համբերությամբ և պարզապես ասենք․ «Bis Bald․․․ մինչ նոր հանդիպում, Բունդեսլիգա»․․․
Վար Բաբայան