Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն աճուրդում վաճառել է Իսպանիայի ընտրանու նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի մարզաշապիկը, որով վերջինս խաղացել էր 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում։ Ինչպես հայտնում են իսպանական AS-ը և Cadena SER-ը, մարզաշապիկը վաճառվել է 65 126 եվրոյով, իսկ գնորդը Բրազիլիայից է։
Մարզաշապիկը Սնեյդերի անձնական հավաքածուից էր․ նա այն ստացել էր Ռամոսից 2010 թվականի հուլիսի 11-ին Յոհաննեսբուրգում կայացած եզրափակիչից հետո՝ մարզաշապիկների փոխանակման ժամանակ։ MatchWornShirt հարթակում կայացած աճուրդում Ռամոսի՝ 15 համարի երկարաթև, մուգ կապույտ մարզաշապիկը նոր սեփականատեր է գտել նոյեմբերի 25-ին։
Ուշագրավ է, որ նույն աճուրդում վաճառքի էր հանվել նաև հենց Սնեյդերի՝ եզրափակիչում կրած մարզաշապիկը, որը գնորդին արժեցել է 5100 եվրո՝ Ռամոսի մարզաշապիկից ավելի քան 12 անգամ էժան։
Հիշեցնենք, որ ԱԱ-2010-ի եզրափակիչում Իսպանիան լրացուցիչ ժամանակում Անդրես Ինիեստայի՝ 116-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Նիդերլանդներին և պատմության մեջ առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն։ Սնեյդերն այդ մրցաշարում խփել էր 5 գոլ և ճանաչվել առաջնության լավագույն խաղացողներից մեկը։
Հավելենք, որ սա Սնեյդերի հավաքածուից վաճառված առաջին արժեքավոր հուշանվերը չէ։ Դեռ սեպտեմբերին նա վաճառել էր ԱԱ-2010-ի «Արծաթե գնդակը» (19 000 եվրո), ԱԱ-2014-ի բրոնզե մեդալը (6500 եվրո), ինչպես նաև Բրազիլիայի դեմ քառորդ եզրափակիչի գնդակը (6100 եվրո)։ Նիդերլանդցին ավելի վաղ բացատրել էր իր քայլը՝ նշելով, որ հիշողությունները միշտ իր հետ են, մինչդեռ այդ իրերը կարող են ուրախացնել ֆուտբոլասերներին ու հավաքորդներին։




























































