Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական «Զալցբուրգի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։
Սպասվող դիմակայության նախօրեին ավստրիական ակումբի գլխավոր մարզիչ Դենի Ռյոլը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկա խաղում իր թիմի գլխավոր նպատակի ու կադրային խնդիրների մասին, ինչպես նաև գնահատել հայկական ակումբի ներուժը։
Հանդիպման նպատակի և կադրային խնդիրների մասին
«Մեր նպատակը միանշանակ երեք միավոր վաստակելն է։ Դրա համար մենք պետք է գործենք շատ ավելի նպատակասլաց, քան վերջին խաղերում, ստեղծենք զգալիորեն ավելի շատ գոլային պահեր և թիմային խաղով կարողանանք լրացնել մեր գլխավոր հարձակվող Հարիս Տաբակովիչի բացակայությունը»։
«Արարատ-Արմենիայի» խաղի մասին
«Միևնույն ժամանակ, մենք ոչ մի դեպքում չենք կարող թերագնահատել «Արարատ-Արմենիային»։ Ես մանրամասն դիտել եմ Եվրոպա լիգայում նրանց նախորդ բոլոր հանդիպումները և կարող եմ ասել, որ բոլոր խաղերում էլ նրանք ունեցել են բազմաթիվ հատվածներ, որոնց ընթացքում հստակ գերիշխել են իրենց մրցակիցների նկատմամբ»։
Նշենք, որ վնասվածքների պատճառով «Զալցբուրգին» այս խաղում չեն կարող օգնել պաշտպաններ Կևին Բոման, Ջոն Մելբերգը, Դոմինիկ Շմիդը, կիսապաշտպաններ Սոտա Կիտանոն, Ջասթին Օմորեգին և թիմի լավագույն ռմբարկու Հարիս Տաբակովիչը, իսկ Լեանդրո Մորգալայի և Դամիր Ռեդզիչի մասնակցությունը հարցականի տակ է։
Հավելենք, որ լիգայի փուլի անցկացրած 4 տուրերից հետո «Զալցբուրգն» իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Մանուել Տուլիպայի գլխավորած «Արարատ-Արմենիան» դեռևս միավոր չի վաստակել։
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրի «Զալցբուրգ» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։




























































