Այսօր լրանում է հայկական, խորհրդային և ընդհանրապես՝ համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենանշանակալից դեմքերից մեկի՝ լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։
Նրա գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նվաճեց ԽՍՀՄ գավաթը։
Սիմոնյանը ԽՍՀՄ քառակի չեմպիոն է Մոսկվայի «Սպարտակի» կազմում որպես ֆուտբոլիստ, նույն տիտղոսի երկակի հաղթող որպես մարզիչ։ 1992-2025 թվականներին՝ ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է եղել, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970), «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր։ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գնդակով։
Որպես գլխավոր մարզիչ՝ Սիմոնյանը գլխավորել է «Սպարտակը», Երևանի «Արարատը», Օդեսայի «Չեռնոմորեցը» և ԽՍՀՄ հավաքականը։
Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։

2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
2026 թվականի մարտից Երևանում Հրազդանի կիրճ փողոցը կրում է Նիկիտա Սիմոնյանի անունը։
«Սպարտակի» հաջորդ տնային հանդիպմանը կբացվի մոսկովյան ակումբի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը։ «Սպարտակը» հաջորդ տնային հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ռուբինի» դեմ։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) նախատեսում է Ռուսաստանի հավաքականի հաջորդ տնային հանդիպումը նվիրել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին, հայտարարել է ՌՖՄ գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը։ Նոյեմբերյան ՖԻՖԱ-ի միջազգային պատուհանի ընթացքում Ռուսաստանի հավաքականը կարող է խաղադաշտ դուրս գալ հատուկ ռետրո համազգեստով, որը նախագծված է ԽՍՀՄ հավաքականի 1950-ականներից մինչև 1970-ական թվականների համազգեստի ոճով։ ՌՖՄ-ն արդեն դիմել է ՖԻՖԱ-ին՝ դրա համար թույլտվություն ստանալու համար։ Միջոցառումը կնվիրվի Սիմոնյանի հիշատակին և ռուսական ֆուտբոլի առաջին խոշոր միջազգային հաջողությանը՝ ԽՍՀՄ հավաքականի հաղթանակին 1956 թվականի Օլիմպիական խաղերում։ Սիմոնյանը 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։



























































