Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց չեխական «Սպարտա Պրահային» (1-4):
Չեխական ակումբի գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեն հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու անկեղծորեն խոստովանել, որ խաղի մեկնարկը կարող էր ճակատագրական լինել իր թիմի համար, եթե երևանյան ակումբն օգտագործեր իր պահերը։
Խոսելով հանդիպման բարդ սկզբի և հայկական թիմի ստեղծած վտանգավոր դրվագների մասին՝ Պրիսկեն նշել է.
«Եթե հայկական թիմը մի փոքր ավելի շատ բախտ և որակ ունենար եզրափակիչ հատվածում, ապա կարճ ժամանակ անց հանգիստ կարող էր հաղթել 3-0 հաշվով: Մենք ունեցանք մի քանի պահեր, երբ կորցրինք գնդակը և թույլ տվեցինք մրցակցին հակագրոհել, և դրանք իսկապես սարսափելի պահեր էին։ Մենք չէինք պահպանում մեր պաշտպանական խաղի սկզբունքները։ Բայց հետո տղաները պարզապես մտան խաղի մեջ, ռիթմի մեջ ընկան և ցուցադրեցին այն որակը, որը գիտենք, որ ունենք»։
Անդրադառնալով մրցաշարի մեկնարկում արտագնա հաղթանակի կարևորությանն ու թիմի խաղային խնդիրներին՝ գլխավոր մարզիչն ընդգծել է.
«Սա միանշանակ այն ազդակն է, որին միշտ ձգտում ես: Սա անընդմեջ երրորդ հաղթանակն է, ընդ որում՝ արտագնա։ Մենք կամաց-կամաց կառուցում ենք թիմը և վստահություն ձեռք բերում։ Խաղի ընթացքում դեռ կան պահեր, երբ մենք լիովին համագործակցված չենք խաղում, և դա բարդացնում է ամեն ինչ։ Օրինակ՝ բաց թողած գոլը կամ մրցակցին նվիրած այլ հնարավորությունները»։
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում «Սպարտա Պրահան» կմրցի նորվեգական «Լիլեստրյոմի» հետ։
























































