Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պրահայի «Սպարտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:4 հաշվով։
Խաղից հետո մրցակցի ավագ, կիսապաշտպան Ադամ Կարաբեցը կիսվել է իր տպավորություններով․
«Մեզ համար չափազանց կարևոր էր մրցաշարը հաղթանակով սկսելը: Ես անչափ ուրախ եմ այս արդյունքի համար: Մենք կրկին «քնած» մեկնարկեցինք խաղը: Հետագայում պետք է շատ ավելի ուշադիր լինենք այս հարցում, քանի որ «Արարատ-Արմենիան» կարող էր գոլ խփել առաջին իսկ րոպեին:
Այնուհետև մենք նախաձեռնությունը վերցրինք մեր ձեռքն ու սկսեցինք շատ ավելի ակտիվ գործել: Մեր խփած առաջին գնդակն իսկապես թեթևացրեց իրավիճակը: Ուրախ եմ, որ կարողացանք աչքի ընկնել անկյունայինի խաղարկումից հետո, քանի որ վերջին շրջանում դա մեզ մոտ այնքան էլ չէր ստացվում»,-Կարաբեցի խոսքն է մեջբերում չեխական Nova Sport-ը:
Եվրոպա լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկի քաղաքային մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
























































