Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է Չեմպիոնների լիգայում իր թիմի պատմական նորամուտի և «Լայպցիգի» նկատմամբ տոնած 4:1 հաշվով տպավորիչ հաղթանակի տպավորություններով։
Նորացված «Սինիգալիա» մարզադաշտում կայացած խաղում իտալական ակումբի կազմում աչքի են ընկել Մարտին Բատուրինան, Տասոս Դուվիկասը, Ասանե Դիաոն և փոխարինման դուրս եկած Մաքսի Պերոնեն։ Ընդ որում՝ «Կոմոն» միակ իտալական թիմն է, որը հաղթանակ է տարել ՉԼ-ի առաջին տուրում։ Այդուհանդերձ, իսպանացի մասնագետը թույլ չի տալիս իր ֆուտբոլիստներին տարվել էյֆորիայով։
«Ես երջանիկ եմ, բայց դա կտևի ընդամենը հինգ րոպե, քանի որ երկուշաբթի օրը մենք պետք է պատրաստվենք «Պարմայի» դեմ խաղին։ Մեզ անհրաժեշտ է նույն էներգիան, ինչ այսօր։ Հասկանում եմ, որ սա պատմական երեկո է քաղաքի և ակումբի համար. սա նվեր է, որին մենք արժանացել ենք նախորդ մրցաշրջանում կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ: Բայց Սերիա Ա-ն մնում է մեր գլխավոր նպատակը, քանի որ հենց դա է թույլ տալիս նորից հայտնվել Չեմպիոնների լիգայում։ Մենք երիտասարդ թիմ ենք, մեզ ոգեշնչում է այս մրցաշարի էներգիան, բայց ես շատ կբարկանամ, եթե մենք ամբողջությամբ չնվիրվենք Սերիա Ա-ին»,- նշել է Ֆաբրեգասը Sky Sport Italia-ի եթերում:
🎥 ՉԼ․ Ֆաբրեգասի հեքիաթը ՉԼ-ում սկսվում է ջախջախումով, Բավարիան ոչնչացնում է Բուդյո-Գլիմտին
Անդրադառնալով տակտիկական փոփոխություններին՝ մարզիչը նշել է, որ 3:0 հաշվի ժամանակ «Լայպցիգը» փոխել է սխեման և սկսել ավելի շատ ֆիզիկական ճնշում գործադրել եզրերում։ Ուստի հոգնածության ֆոնին թիմը ստիպված է եղել անցնել վերահսկողության՝ փոխելով խաղի ընթացքը։
«Սովորաբար ես կձգտեի խփել չորրորդ գոլը, բայց սա Չեմպիոնների լիգան է. նրանք դարձրին 3:1, և դեռ ոչինչ ավարտված չէր: Բարեբախտաբար, մենք ցուցադրեցինք մեր կուռ պաշտպանությունն ու կազմակերպեցինք վտանգավոր հակագրոհներ, որոնցից մեկն ավարտվեց Պերոնեի գոլով: Մենք պետք է կարողանանք ադապտացվել տարբեր իրավիճակների»։
Ֆաբրեգասը նաև հիշեցրել է, որ թիմը դեռ կայացման փուլում է, քանի որ կազմում կան բազմաթիվ նորեկներ՝ այդ թվում Կայկին ու Մոյզե Քինը, որոնց հարմարվելու համար ժամանակ է հարկավոր։
«Դա համբերություն է պահանջում, իսկ ֆուտբոլում այն հաճախ պակասում է»,- եզրափակել է նա։
«Կոմոն» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում ուժերը կչափի «Ֆեյենորդի» հետ։
























































