ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նկատմամբ՝ հուլիսի 19-ին կայացած ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո տեղի ունեցած միջադեպերի համար։
Հիշեցնենք, որ այդ խաղի լրացուցիչ ժամանակում Իսպանիան 1-0 հաշվով հաղթել էր Արգենտինային, իսկ եզրափակիչ սուլիչից հետո արգենտինացիների հրահրմամբ դաշտում զանգվածային քաշքշուկ էր սկսվել։
Անհատական որակազրկումներ և տուգանքներ
Կարգապահական կոմիտեի որոշմամբ ծեծկռտուքի ակտիվ մասնակիցները ստացել են հետևյալ պատիժները․
- Լեանդրո Պարեդես (Արգենտինա)․ Ամենախիստ պատիժը ստացել է արգենտինացի կիսապաշտպանը, որը ֆիզիկական ուժ էր կիրառել իսպանացի խաղացողների նկատմամբ։ Նա որակազրկվել է 10 խաղով և տուգանվել 90 հազար դոլարով։
- Նաուել Մոլինա (Արգենտինա)․ Պաշտպանը որակազրկվել է 7 խաղով և նույնպես տուգանվել 90 հազար դոլարով։ Միջադեպի ժամանակ նա բռունցքով հարվածել էր իր կողքով վազող Իսպանիայի հավաքականի ավագ Ռոդրիի կրծքավանդակին, ինչից հետո սկսվել էր վիճաբանությունը։
- Ռոբերտո Այալա (Արգենտինա, մարզիչ)․ Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբի անդամը որակազրկվել է 3 հանդիպումով և տուգանվել 30 հազար դոլարով։ Նա վիճաբանել էր իսպանացի Դանիել Օլմոյի հետ և հարվածել նրա դեմքին։
- Տիագո Ալմադա (Արգենտինա) և Գավի (Իսպանիա)․ Քաշքշուկին մասնակցելու համար արգենտինացի ու իսպանացի կիսապաշտպանները որակազրկվել են մեկական խաղով և տուգանվել 30-ական հազար դոլարով։
Կարևոր է նշել, որ վերոնշյալ բոլոր որակազրկումները վերաբերում են բացառապես ազգային հավաքականների պաշտոնական հանդիպումներին և չեն տարածվում ֆուտբոլիստների ակումբային ելույթների վրա։
Պատժամիջոցներ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նկատմամբ
Բացի խաղացողների անհատական պատիժներից, ՖԻՖԱ-ն AFA-ին տուգանել է ընդհանուր առմամբ 321 հազար դոլարով՝ աշխարհի առաջնության մի քանի խաղերում գրանցված կանոնակարգային խախտումների համար։
Խախտումների թվում նշվում են երկրպագուների խտրական վանկարկումներն ու ժեստերը, թիմի ոչ պատշաճ վարքագիծը, անվտանգության ապահովման ձախողումները, ինչպես նաև սպորտային միջոցառումը քաղաքական նպատակներով օգտագործելը (մասնավորապես՝ տրիբունաներում «Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային» գրությամբ պաստառի ցուցադրումը)։
Որպես լրացուցիչ պատիժ՝ Արգենտինայի հավաքականը պարտավորվել է իր հաջորդ երկու տնային հանդիպումներն անցկացնել մարզադաշտի տրիբունաների 50 տոկոս զբաղվածությամբ։ Նշվում է, որ տուգանքի գումարից 100 հազար դոլարն ուղղվելու է խտրականության դեմ պայքարի ծրագրերին:
Միջադեպի տեսանյութ՝ ստորև․
What did Leandro Paredes do?
Paredes received a 10-match international ban and a $90,000 fine for his role in a violent, chaotic on-field brawl after Argentina’s 1-0 defeat to Spain in the 2026 World Cup final.
He was found guilty of;
✅Multiple counts of violent conduct,… pic.twitter.com/dwiAURRRbs
— Casmir E. C (@BubeCassy) August 21, 2026


























































