«Ֆիորենտինան» ավարտին է հասցնում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է The Touchline-ը, 18-ամյա ֆուտբոլիստը մեկ քայլ է հեռու վարձակալական հիմունքներով իտալական ակումբ տեղափոխվելուց։ Կողմերին մնացել է համաձայնեցնել գործարքի վերջին մանրամասները, մասնավորապես՝ վինգերի աշխատավարձի այն մասը, որը պետք է վճարի Ֆլորենցիան ներկայացնող ակումբը։
Արգենտինացին արդեն տվել է իր համաձայնությունը «մանուշակագույններին» միանալու համար, քանի որ նրան նոր թիմում մշտական խաղային պրակտիկա են երաշխավորել։
Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռեալ» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը արգենտինական «Ռիվեր Փլեյթից»։ Օգոստոսի 14-ին կլրանա ֆուտբոլիստի 19-ամյակը։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Ֆիորենտինան» զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

























































