Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Բրայթոնի» 35-ամյա հարձակվող Դենի Ուելբեքի տրանսֆերի մասին։ Անգլիացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Անգլիայի հավաքականի կազմում 42 հանդիպում անցկացրած և 16 գոլ հեղինակած հարձակվողն արդեն միացել է Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմին՝ նախամրցաշրջանային շրջագայությանը մասնակցելու նպատակով։
«Երբ լսում ես «Չելսիի» հետաքրքրության մասին, հպարտության աննկարագրելի զգացում ես ունենում։ Իմանալով այս ակումբի պատմությունը՝ հասկանում ես, որ սա մի թիմ է, որը միշտ ցանկանում է տիտղոսներ նվաճել։ Մեծ պատիվ է միանալ նման հեղինակություն ունեցող ակումբի։ Մարզչի հետ արդեն ֆանտաստիկ զրույց եմ ունեցել և զգում եմ այդ կապը։ Պատրաստ եմ ամեն ինչ տալ այս ակումբի համար, որպեսզի երկրպագուները հպարտանան մեզնով»,- ասել է Ուելբեքը։
Ուելբեքը «Սթեմֆորդ Բրիջ» է տեղափոխվում հսկայական փորձով։ Նա ավելի քան 400 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում, հանդես է եկել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի երկու առաջնությունների։ Իր կարիերայի ընթացքում հարձակվողը պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Ուոթֆորդի», «Պրեստոնի» և «Սանդերլենդի» գույները։
2020 թվականից Ուելբեքը հանդես էր գալիս «Բրայթոնում», որտեղ անցկացրած 6 հիշարժան տարիների ընթացքում դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը: «Ճայերի» կազմում նա մասնակցել է 201 հանդիպման՝ դառնալով 51 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանն ԱՊԼ-ում լավագույններից մեկն էր նրա կարիերայում՝ 37 խաղում խփած 13 գնդակով։
/news/big/a/a/35-letnij-denni-uelbek-zaklyuchil-kontrakt-s-chelsi_17856015341944873492.jpg)
«Չելսիի» ղեկավարությունը հույս ունի, որ փորձառու հարձակվողի տեղափոխությունը կավելացնի թիմի հարձակման գծի խորությունը: Հիշեցնենք, որ 2026/2027 մրցաշրջանում «Չելսին» չի մասնակցելու եվրագավաթների խաղարկություններին և ամբողջությամբ կենտրոնանալու է ներքին ասպարեզում հաջողության հասնելու վրա։
Հավելենք նաև, որ այսօր «Չելսին» նախամրցաշրջանային պատրաստության շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Տոտենհեմի» հետ, որտեղ պարտություն է կրել 1:2 հաշվով։




























































