«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է Ռուսաստանի Գավաթի առաջին խաղից հետո մրցակցի կողմից հյուրերի հանդերձարանից հրապարակված տեսանյութին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գավաթի ՌՊԼ ուղու պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել էր ԲԿՄԱ-ին և երկու խաղերի արդյունքով դուրս եկել եզրափակիչ: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումից (1:3) հետո մոսկովյան ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Էդուարդ Բեզուգլովը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են «Կրասնոդարի» ֆուտբոլիստները հանդերձարանում մեծ քանակությամբ աղբ և կոտրված դուռ թողել իրենցից հետո:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմալ է նման կադրեր հրապարակելը, հայ ֆուտբոլիստը պատասխանել է.
«Այո, համաձայն եմ, ամենուր այդպես է։ Նրանք որոշեցին այդպես վարվել, իսկ մեր գործն այն էր, որ երկրորդ խաղում պատասխանեինք խաղադաշտում», — Սպերցյանի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն։
Նշենք, որ ՌՊԼ ուղու եզրափակիչում «Կրասնոդարը» կմրցի «Սպարտակ» – «Դինամո» (Մոսկվա) զույգի հաղթողի հետ: Այս թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում 5:2 հաշվով առավելության են հասել «սպիտակակապույտները»։
























































