Կայացան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի հերթական հանդիպումները։
Գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ գոլառատ խաղում պարտության մատնեց Լոնդոնի «Չելսիին», իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տնային խաղում խոշոր հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։
Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ՊՍԺ-ն 5:2 հաշվով հաղթանակ տարավ անգլիական «Չելսիի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Բրեդլի Բարկոլան, սակայն լոնդոնցիներից Մալո Գյուստոն 28-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։ 40-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կրկին առաջ մղեց փարիզեցիներին։
Երկրորդ խաղակեսում «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (58′) ևս մեկ անգամ հավասարեցրեց հաշիվը, սակայն դրանից հետո դաշտում իշխում էին միայն տանտերերը: 74-րդ րոպեին Վիտինյան խփեց ՊՍԺ-ի երրորդ գոլը, իսկ հանդիպման վերջնամասում փայլեց վինգեր Խվիչա Կվարացխելիան՝ 86-րդ և 90+4-րդ րոպեներին դառնալով դուբլի հեղինակ ու ձևակերպելով վերջնահաշիվը:
ՊՍԺ-ն փլեյ-օֆֆի նախորդ փուլում երկու խաղերի արդյունքով հաղթել էր «Մոնակոյին» (5:4), իսկ «Չելսին» լիգայի փուլն ավարտել էր 6-րդ տեղում՝ վաստակելով 16 միավոր:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնի «Սթեմբորդ Բրիջ» մարզադաշտում։
Զուգահեռաբար ընթացող խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտը» «Ասպմյուրա» մարզադաշտում 3:0 հաշվով ջախջախեց պորտուգալական «Սպորտինգին»:
Տանտերերը խաղի ելքը վճռեցին դեռևս առաջին խաղակեսում. 32-րդ րոպեին Սոնդրե Բրունստադը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, իսկ 45+1-րդ րոպեին հարձակվող Օլե-Դիդրիկ Բլոմբերգը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում՝ 71-րդ րոպեին, Կասպեր Հյոգը խփեց երրորդ գնդակը։
Այս զույգի պատասխան հանդիպումը նույնպես նշանակված է մարտի 17-ին։ Երկու խաղերի արդյունքով հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Արսենալ» — «Բայեր» զույգի ուժեղագույնի հետ (առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով)։
«Բուդյո-Գլիմտ» — «Սպորտինգ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ՊՍԺ — «Չելսի» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































