Երևանի «Նոան» շարունակում է ուժեղացնել կազմը: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմին է միացել բելգիացի ձախ եզրային պաշտպան Ռոբ Նիզեթը։
23-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է հանրահայտ «Անդերլեխտում»։
Այնուհետև նա հանդես է եկել անգլիական «Նորվիչ Սիթիի» և իտալական «Լեչեի» երիտասարդական թիմերում։

Մեծահասակների մակարդակով Նիզեթը պաշտպանել է բելգիական «Լոմելի», նիդերլանդական «Վիլեմ II»-ի և թուրքական «Գազիանթեփի» գույները։ Հատկանշական է, որ Նիդերլանդների Բարձրագույն լիգայում բելգիացի պաշտպանը հասցրել է մասնակցել 21 հանդիպման։

Բացի ակումբային կարիերայից, նորեկը հարուստ փորձ ունի նաև միջազգային ասպարեզում. նա ժամանակին հանդես է եկել Բելգիայի բոլոր տարիքային պատանեկան հավաքականներում։
Նոր ակումբում Ռոբ Նիզեթը կկրի 4 համարի մարզաշապիկը։




























































