Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Մեքսիկա՝ գնահատելու անվտանգության հետ կապված իրավիճակն այն երկրում, որտեղ կայանալու են ԱԱ-2026-ի հանդիպումները: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը:
Փետրվարի վերջին Մեքսիկայում զանգվածային անկարգություններ են սկսվել այն հատուկ գործողությունից հետո, որի արդյունքում սպանվել է խոշորագույն նարկոկարտելներից մեկի պարագլուխը։ Դրանից հետո երկրի բազմաթիվ նահանգներում զինված բախումներ են տեղի ունեցել հանցախմբերի և իրավապահ մարմինների միջև։
Ավելի վաղ Շեյնբաումի հետ հեռախոսազրույցում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ «լիովին վստահում է» Մեքսիկային՝ որպես աշխարհի առաջնությունը հյուրընկալող համակազմակերպիչ երկրի:
«Ինֆանտինոն ինձ վստահեցրեց, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի մեր երկրում։ Մենք պայմանավորվեցինք, որ ՖԻՖԱ-ի թիմն անպայման կգա՝ մի շարք հարցեր քննարկելու համար։ Մենք վաղուց ենք աշխատում այս ուղղությամբ, բայց անվտանգության հարցն, իհարկե, առաջնային է և հատկապես կարևոր»,- Շեյնբաումի խոսքերն է մեջբերում ESPN-ը:




























































