Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» շարունակում է ձմեռային ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Հերթական ստուգողական հանդիպմանը երևանյան ակումբը մրցեց ռուսական «Ռոստովի» հետ և պարտություն կրեց 0։3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց ռուս հարձակվող Թիմուր Սուլեյմանովը։
Երկրորդ խաղակեսում՝ 71-րդ րոպեին, աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը՝ կրկնապատկելով «Ռոստովի» առավելությունը։
Խաղավերջում՝ 85-րդ րոպեին, Դանիիլ Շանտալին խփեց երրորդ գնդակը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Սա «Նոայի» երկրորդ անընդմեջ պարտությունն էր ընկերական խաղերում․ նախորդ մրցավեճում թիմը 0։2 հաշվով զիջել էր մոսկովյան «Լոկոմոտիվին»։
Այս հանդիպումները նախապատրաստական փուլ են Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի համար։ Փետրվարի 19-ին «Նոան» Երևանում ուժերը կչափի հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ։




























































