«Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապետին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»,- կատակել է Հենրիխ Մխիթարյանը։ Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն՝ թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում, գրում է The Athletic-ը։
Վերջին հինգ տարիներին «Ինտերը» հասել է Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներին, հաղթել «Լիվերպուլին» Էնֆիլդում, իսկ 2023-ին Ստամբուլում արժանի մրցակից էր «Մանչեսթեր Սիթիին»։ 2024-ի Սկուդետտոն՝ նվաճված «Միլանի» դեմ դերբիում, դարձավ ակումբի 20-րդ տիտղոսը՝ բերելով երկրորդ աստղը և ամրապնդելով Սիմոնե Ինձագիի հեղինակությունը։
Սակայն «Ինտերը» Եվրոպայում դեռ թերագնահատվում է։ Թերևս պատճառը երիտասարդ աստղերի բացակայությունն է, քանի որ ներկայիս ֆուտբոլում գնահատվում են անհատական դրիբլինգով խաղացողներ, ինչպիսիք են Վինիսիուսը կամ Լեաոն։ Կամ գուցե Ինձագին, չնայած իր տակտիկական փայլին, չունի միջազգային մեդիայում հնչեղություն ապահովող լեզվական հմտություններ՝ ինչպես Լուիս Էնրիկեն։
Այնուամենայնիվ, «Ինտերն» աչքի է ընկնում խելացի և արդյունավետ խաղով։ Եթե եվրոպական ասպարեզը սկսի գնահատել ոչ միայն անհատական աստղերին, այլև թիմային ձեռքբերումները, Մխիթարյանի խաղակոշիկի չափսն այլևս էական չի լինի։ Ժամանակն է, որ Եվրոպան ճանաչի «Ինտերին» որպես հսկա, որին երբեմն միայն միլիմետրեր են բաժանում հաղթանակից։