«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հանդիպում է ունեցել կատալոնական ակումբի փոխնախագահ Ռաֆա Յուստեի, ինչպես նաև Ալեխանդրո Էչևարիայի հետ, որը կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի մտերիմ ընկերն է։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ինքը Լապորտան չի եղել հանդիպմանը, որը տևել է ավելի քան չորս ժամ։ Դրա ընթացքում Էչևարիան հասկացրել է Չավիին, որ «Բարսելոնայի» համար լավագույն լուծումը կլինի այն, որ իսպանացի մասնագետը հեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։
Ընդգծվում է, որ Չավին հեռախոսազրույցներ է ունեցել նաև Լապորտայի հետ, որը նրա հետ անձնական հանդիպում կկազմակերպի ընթացիկ մրցաշրջանի ավարտից մի քանի օր անց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Լապորտան զայրացել է Չավիի վրա՝ «Ալմերիայի» հետ խաղի նախօրեին կապտանռնագույնների կազմը բարելավելու անհրաժեշտության և ակումբի ծանր տնտեսական իրավիճակի պատճառով դրա իրականացման դժվարությունների մասին խոսելու համար: