«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է Չավիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հնարավորությունը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ Լապորտան կորցրել է վստահությունը 44-ամյա մասնագետի նկատմամբ կատալոնական ակումբի մասին նրա մեկնաբանություններից հետո։ Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Ալմերիայի» հետ խաղից առաջ (2:0) Չավին խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի մասին՝ նշելով, որ հաջորդ մրցաշրջանում թիմի համար դժվար կլինի մրցակցել, քանի որ այն ավելի վատ տնտեսական վիճակում է, քան «Ռեալը» և եվրոպական այլ ակումբները: Ակումբի նախագահը հիասթափվել է Չավիի խոսքից։
Ապրիլի 25-ին հայտարարվեց, որ Չավին կշարունակի աշխատել «Բարսելոնայում», չնայած, որ տարվա սկզբին հայտարարել էր մրցաշրջանի վերջում պաշտոնը լքելու մասին։
Իսպանացի մասնագետը «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։