Լիոնել Սկալոնին կմնա Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո։
44-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա վերջին, սակայն նրա հետ համագործակցությունը կերկարաձգվի։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Կլաուդիո Տապիան։
«Սկալոնին Արգենտինայի հավաքականի մարզիչն է։ Երկուսս էլ մեր խոսքի մարդիկ ենք։ Բանավոր համաձայնվեցինք։ Նա մեկնել է Իսպանիա՝ իր երեխաներից մեկի անձնագրային հարցերը լուծելու համար։ Երբ նա վերադառնա, մենք կզրուցենք»,- ասել է Տապիան TyC Sports-ի հետ զրույցում։
Սկալոնին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել 2018 թվականին։ Նրա օրոք Արգենտինայի հավաքականը նվաճել է Ամերիկայի գավաթը, հաղթել Ֆինալիսիման և 1986 թվականից ի վեր առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն։