Արգենտինայից մի ընտանիք նորածին որդուն անվանակոչել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների անունով։ Երեխան ծնվել է 2022 թվականի աշխարհի առաջնության Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղից երկու ժամ առաջ, նրան անվանել են Լիոնել Էնցո Խուլիան։
Երեխայի հայրը՝ Էնցո Ալտամիրանոն, «Ռիվեր Փլեյթի» երկրպագու է, ուստի իր որդուն անվանել է ակումբի նախկին խաղացողներ Էնցո Ֆերնանդեսի և Խուլիան Ալվարեսի, ինչպես նաև ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի պատվին։
Ծնողների խոսքով՝ տղան ծնվել է նախատեսված ժամկետից երեք օր շուտ և ԱԱ 2022-ի եզրափակիչ խաղի մեկնարկից երկու ժամ առաջ։ Ընտանիքի հայրը հավելել է, որ ինքն է իր անունը ստացել ի պատիվ «Ռիվեր Փլեյթի» նախկին կիսապաշտպան, ուրուգվայցի Էնցո Ֆրանչեսկոլիի։