Ավստրալիայի դաշնային դատարանը մինչև հունվարի 10-ը հետաձգել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի՝ վիզաների չեղարկման վերաբերյալ բողոքի լսումները։ Այս մասին հայտնում է ավստրալական 9News հեռուստաալիքը։
Մինչև լսումների մեկնարկը Ջոկովիչը կմնա Ավստրալիայում․ նրան տեղավորել են Մելբուրնի միգրանտների համար նախատեսված հյուրանոցում։
Աշխարհի առաջին ռակետին երեկ մերժել են մուտք գործել Ավստրալիա, նրա վիզան չեղարկվել է։ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը բացատրել է, որ Ավստրալիայի սահմանային ծառայությունը թույլ չի տվել Ջոկովիչին մուտք գործել երկիր, քանի որ նա չի կարողացել բավարար հիմնավորում ներկայացնել բժշկական պատվաստումներից հրաժարվելու համար:
34-ամյա թենիսիստին մեկուսացրել էին Մելբուրնի օդանավակայանում։ Սերբ թենիսիստի փաստաբանները դիմել են դաշնային դատարան՝ ընդդեմ նրա վիզան չեղարկելու որոշման։
Ավելի վաղ Ջոկովիչը, ով դեմ է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստմանը, հայտարարել էր բուժզննում անցնելու մասին, որը հաստատվել էր Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իշխանությունների կողմից։ Նա մեկնել է Մելբուրն, որտեղ հունվարի 17-ից 30-ը տեղի կունենա Մեծ սաղավարտի մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։