Կանադացի փաստաբան, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ և WADA-ի նախկին նախագահ Ռիչարդ Փաունդը հայտարարել է, որ 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում հնարավոր է չեղյալ հայտարարվեն, եթե կորոնավիրուսի պանդեմիան միջամտի 2021 թվականին Տոկիոյի ամառային խաղերին:
«Եթե հաջորդ տարվա հուլիսին և օգոստոսին Տոկիոյում լինեն վիրուսի հետ կապված խնդիրներ, դժվար է պատկերացնել, որ այն հինգ ամիս հետո չի ազդի նույն տարածաշրջանում մյուս մրցաշարի վրա», — մեջբերում է Փաունդին Yahoo Sports-ը:
Փաունդը նաև ասել է, որ Պեկինի օլիմպիական խաղերը կարող են բարդ լինել մի շարք քաղաքական հակամարտությունների արդյունքում: ՄՕԿ-ի անդամն անդրադարձավ Հոնկոնգում տիրող անկայուն իրավիճակին և ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա լարվածությանը: Ըստ Փաունդի՝ ՉԺՀ-ն կարող է արգելել ամերիկացի մարզիկներին խաղերին մասնակցել ոչ միայն երկու երկրների միջև լարվածության պատճառով, այլև ԱՄՆ-ում COVID-19 դեպքերի մեծ քանակի պատճառով:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որոնք ի սկզբանե հայտարարվել էին այս ամառ, հետաձգվել են մինչև 2021 թվականը: Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը նախատեսված են անցկացնել 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը: