«Ռեալն» ուզում է, որպեսզի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումը (առաջին խաղում հաղթել է «Սիթին»՝ 2-1) անցկացվի չեզոք դաշտում։
The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը հայտնում է, որ «Ռեալը» դեմ է Մանչեսթերում հանդիպման անցկացմանը։ Չեզոք դաշտերում ամենահավանական տարբերակը Լիսաբոնն է։ «Ռեալը» չի ուզում խաղալ Անգլիայում, քանի որ մտահոգված է Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի իրավիճակով։
Ներկա պահին այլ երկրներից Անգլիա ժամանած մարդիկ պարտադիր ենթարկվում են երկշաբաթյա ինքնամեկուսացման։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունն ավարտին հասցնել Պորտուգալիայում։ 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղերի անցկացման վայրերը դեռևս հայտնի չեն։