Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի սպասել Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպման ավարտին (5-0), որը կայացել է երեկ՝ հոկտեմբերի 30-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ 30-ամյա ուելսցին, որն այժմ ապաքինվում է վնասվածքից, տրիբունայից էր հետևում խաղին: Հանդիպման 82-րդ րոպեին նա լքել է մարզադաշտը: Այդպիսով, Բեյլը չի տեսել իր թիմի 5-րդ գոլն ու հանդերձարանում թիմակիցներին չի շնորհավորել հաղթանակի առթիվ:
Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է պարբերականը՝ Գարթեը չի խախտել ակումբային կանոնակարգը, քանի որ «Ռեալը» տուգանում է միայն այն խաղացողներին, ովքեր մարզադաշտը լքում են 80-րդ րոպեից շուտ:
Ավելի վաղ Բեյլը բազմիցս ուշացել է խաղերից, որոնց չի մասնակցել ու մարզադաշտը լքել է նախքան դրանց վերջանալը: Այս տարվա մարտին ուելսցին փոխարինվել էր «Բարսելոնայի» հետ հանդիպման 2-րդ խաղակեսին և արդեն մի քանի րոպե անց լքել էր մարզադաշտը: