Արդեն հայտնել ենք, որ Ազգային ժողովի դիմաց այսօր անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակից, Հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Պեկինի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն։
« Այդ պահին լրացուցիչ տեղեկություններ չունեի, հետագայում կապվեցի ընտանիքի անդամներից եղբոր որդու հետ։ Տեղեկացել եմ, որ ամեն ինչ հարթվել է, Ռոմանն ազատ է արձակվել։ Այս պահին ոչ մի խնդիր չկա՝ աջակցության, օգնության անհրաժեշտություն չկա: Ամոյանի հետ չեմ խոսել, չգիտեմ ինչ հիմքով են բերման ենթարկել: Դատում եմ այն կադրերով, ինչ տեսել եմ: Այստեղ խնդիրն այլ է, պետք է հասկանանք՝ արարքը համաչա՞փ էր ուժայինների կողմից, թե՞ ոչ»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ադրբեջանցուն հաղթած մարզիկի նկատմամբ իրավունք չունեին ոստիկաններն այդպիսի գործողություններ իրականացնել, Ջուլֆալակյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ սխալ է այդ ուղղությամբ տանել հարցը։ Օրինակ, այսպիսի համեմատություն անեմ․ եթե հայտնի մարդը ցանկացած բնագավառում ինչ-որ օրենքի խախտում է թույլ տվել, դա իրավո՞ւնք է թույլ տալիս՝ անվանի լինելը մարդուն ապահովագրո՞ւմ է պատասխանատվությունից։ Եթե ես ու մեկ այլ ոչ հայտնի մարդ դրսում ապօրինություններ թույլ տանք, ապա պետք է հայտնին պատասխանատվության չենթարկվի, իսկ մյուսը պատասխանատվության ենթարկվի՞: Եկեք այդ սկզբունքով առաջնորդվենք»։